Նախորդ տարվա վերջին Պրահայում հայտնաբերված ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը պահվում է «ընտիր» պայմաններում։ Դատարանում լրագրողների հարցին ի պատասխան, թե ի՞նչ պայմաններում է պահվում Նարեկ Սարգսյանը Պրահայում, պատասխանեց եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։

Նա ասաց, որ խոսել են նրա հետ։ Հարցին, թե նա ի՞նչ դժգոհություններ է հայտնել, Հ Սարգսյանը պատասխանեց.

«Ոչ մի»:

Այսօր Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին։

Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Սեպտեմբերին 10-ին դատարանի որոշմամբ 50 միլիոն դրամ գրավով նա ազատ էր արձակվել։

Ինչ վերաբերում է նրա եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Քննարկվում է նրա՝ Հայաստան արտահանձնման հարցը։