Բնական գազը երկրորդ տեղն է գրավում Ադրբեջանի արտահանման ցանկում, նավթից հետո: Բաքուն ավելի քան 1 մլրդ դոլարի գազ է վաճառում, մասնակցում է խոշոր գազային նախագծերի և ապահովում է հարևան Վրաստանի գազի սպառման գրեթե 100 տոկոսը: Սակայն, բուն Ադրբեջանում ցրտերի հետ մեկտեղ տներից շատերում գազն անհետանում է, գրում է BBC-ն:

Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մաշտագա ավանի բնակիչներից մեկը պատմել է պարբերականին, որ ձմռանն իր տանը շաբաթներով գազ չի լինում: Տեղաբնակները պատմում են, որ գազի հետ խնդիրները սկսվեցին դեռևս 1990-ականներին: Մինչ օրս նոյեմբերից մինչև ապրիլ լավագույն դեպքում նվազում է գազի ճնշումը, իսկ վատագույն դեպքում՝ գազի մատակարարումը դադարեցվում է: Այդ դեպքում գյուղացիներն անցնում են ցախ վառելուն, իսկ ավելի հարուստները էլեկտրական վառարաններ են օգտագործում:

Ըստ ավանի բնակիչների, Azeriqaz-ի հետ հնարավոր չի լինում կապ հաստատել, իսկ երբ ստացվում է, տարբեր պատճառներ են բերվում, բայց վիճակը չի փոխվում:

Նմանատիպ խնդիրներ կան նաև այլ բնակավայրերում, նույնիսկ մայրաքաղաք Բաքվում: 2018թ-ի ապրիլին, երբ կտրուկ ցրտեց, սպառումը աճեց և գազն անհետացավ նույնիսկ Բաքվի կենտրոնում:

Անկախ փորձագետները կարծում են, որ խնդիրը ենթակառուցվածքների մաշվածությունն է, քանի որ գազատարների մեծ մասը կառուցվել է 20 դարի 60-80-ականներին: Երկրի ամենախնդրահարույց վայրն այդ տեսակետից համարվում են Բաքվի արվարձանները, որտեղ գրանցվում է գազի կորուստների 68,4%-ը:

Ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանը գազաֆիկացված է 95,2%, բայց նույնիսկ երկրի այն մասերում, որտեղ գազ, կարծես թե, կա, շատերը ստիպված են հագուստով քնել, փայտ ու ցախ վառել: