Սմարթֆոնների Huawei չինական խոշորագույն արտադրողը շահել է ինտելեկտուալ սեփականության իրավունքների խախտման գործով դատավարությունը Samsung հարավկորեական կորպորացիայի նկատմամբ:

ՉԺՀ-ի Շենչժեն քաղաքի (Գուանդունի հարավային նահանգ) Միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 11-ին Samsung-ին մեղավոր է ճանաչել Huawei-ի այն արտոնագրերի խախտման մեջ, որոնք կապված են անլար կապի տեխնոլոգիաների հետ, և նրան պարտավորեցրել է դադարեցնել համապատասխան ապրանքի արտադրությունն ու վաճառքը։

Huawei-ն 2016 թվականի մայիսին Samsung-ի դեմ հայց էր ներկայացրել Կալիֆոռնիայի նահանգի և չինական Շենչժեն քաղաքի դատարաններ: Հարավկորեական ընկերությունը դատարան էր դիմել համանման պատասխան գանգատով:

Samsung-ի հայցերի վերաբերյալ դատավճիռը դեռևս չի հայտարարվել: Samsung-ը, Huawei-ն ու Apple-ը մտնում են սմարթֆոնների արտադրության համաշխարհային առաջատարների եռյակի մեջ: Վերջին տվյալների համաձայն, չինական ընկերությանը բաժին է ընկնում շարժական հեռախոսների արտադրության և վաճառքների գլոբալ շուկայի մոտավորապես 10 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: