Ռոստով քաղաքում բնակվող միկրոավտոբուսի վարորդ Մախսուդբեկ Իմինժանովին արտաքսել են Ռուսաստանից` զինյալների ճամբարում ուսանելու համար: Որոշումը կայացրել է Ռոստովի Պերվոմայսկի շրջանի դատարանը: Այդ մասին հաղորդել է Privet-Rostov-ը` հղում անելով տարածաշրջանի ազգային անվտանգության ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ` արտաքսվածը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Հատուկ ծառայությունների տեղեկություններով` Իմինժանովը կապի մեջ է եղել Սիրիայի ահաբեկիչների հետ: 2015թ-ին նա եղել է սիրիական ռազմական ճամբարում, որտեղ մարտական պատրաստության դասընթացներ է անցել:

Սիրիայից նա մեկնել է Թուրքիա, որտեղ ձեռք է բերել կեղծ անձնագիր և վերադարձել հայրենիք: 2018թ-ի օգոստոսին Իմինժանովը մեկ այլ անձնագրով եկել է Ռուսաստան և սկսել է աշխատել որպես միկրոավտոբուսի վարորդ:

Ռուսական կողմը տեղեկացրել է Իմինժանովի վերադարձի մասին: Նրա նկատմամբ հայրենիքում պատրաստվում են քրեական գործ հարուցել: