Երևանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով, մայրաքաղաքի առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը. այս պահին հերթագրվածների թիվը մոտ 8000-ի է հասնում:

«Ցավոք սրտի, երկար տարիներ մարդիկ հերթագրվում էին ու չէին կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որպեսզի ստանան համապատասխան կրթություն: Քաղաքապետի կողմից շատ հստակ հանձնարարական կար դրված. գտնել ճանապարհներ լուծելու այդ խնդիրը», - նշել է Վիրաբյանը:

Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով գույքագրվել են համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների:

Փետրվարի 1-ից, ծրագրի առաջին փուլով, հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ, իսկ մինչև տարվա վերջ՝ առնվազն 1000-ով ավելի երեխա:

Հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար մատչելի դարձնելու նպատակով շուտով քաղաքապետարանը կգործարկի Мankapartez.yerevan.am կայքը. իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ամբողջ ընթացքին:

«Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի mankapartez․yerevan․am կայքը, որն ամբողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ, և ծնողները հնարավորություն կունենան հետևելու ընթացքին ու տեսնելու, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է»: