Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել, սակայն մինչ օրս այն ամբողջությամբ չի բացահայտվել:

Փայլանն իր առաջարկում հիշատակել է նաև Դինքի նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ (Թուրք ժողովրդին ու Թուրքիայի պետական կառույցները վիրավորելը) հոդվածով իրականացված հետաքննությունները, որոնք Դինքին դարձրեցին ազգայնականների թիրախ:

«Հրանտ Դինքը «Ակոս» թերթում Սաբիհա Գյոքչենի մասին հրապարակած հոդվածից (06.02.2004) հետո հայտնվեց ռասիստ շրջանակների թիրախում: Հոդվածից հետո գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, ապա Դինքը կանչվեց Ստամբուլի նահանգապետարան ու «զգուշացվեց»: Դրանից հետո էլ Դինքի նկատմամբ 2005թ-ի ապրիլի 16-ին քր. օրենսգրքի 301-րդ հոդվածի (թրքությունը վիրավորելու) հատկանիշներով դատավարություն սկսվեց: Դատարանը դատավճիռ կայացրեց (6 ամսվա ազատազրկման): Բարձրագույն դատարանն էլ վճիռը հաստատեց՝ չնայած մասնագիտական զեկույցի ու դատախազի առարկությանը:

Այն գործընթացը, որը հանգեցրեց նրա սպանությանը, ուղեկցվում էր մեդիայի միջոցով նրա հայկական ինքնությունը ռասիստ ու ազգայնամոլական խմբերի թիրախաը դարձնելով:

«Թուրքերի թշնամի հայ» ու այլ պիտակավորումների միջոցով Դինքին իսկական թիրախ դարձրեցին: Կառավարությունը չկանգնեցրեց Դինքի թիրախավորման գործընթացը, չքննադատեց մեդիայում նրա դեմ կիրառվող ատելության լեզուն, ճիշտ հակառակը՝ կառավարության անդամները իրենց արտահայտություններով ավելի նպաստեցին նրա սպանության համար պայմաններ ստեղծվելուն» ասել է հայ պատգամավորը մեջլիսին ներկայացրած առաջարկում:

Փայլանը նշել է, որ պետական մարմինների տարբեր ներկայացուցիչներ տեղեկացված են եղել Դինքի սպանության ծրագրի մասին, սակայն ոչինչ չեն արել այն կանխելու համար, դեռ ավելին՝ Դինքի մարդասպանը ձերբակալված ու Սամսունի ոստիկանության տեղափոխվելուց հետո ոստիկանության աշխատակիցների կողմից «հերոս»-ի պես է ընդունվում: Փայլանը հիշեցրել է, որ դա ապացուցող լուսանկարները հայտնվել էին մամուլում:

«Անհրաժեշտ է, որ մեջլիսը դեպքի պատասխանատուներին բացահայտելուն աջակցելու, հանրային խիղճը հանգստացնելու ու այդպիսով նման ողբերգությունները կանխելու կամք ցուցաբերի: Այդ պատճառով էլ ցանկանում և պահանջում ենք, որ խորհրդարանում ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի»,- եզրափակել է Փայլանը:

Առաջարկը դրվել է քվեարկության, սակայն մերժվել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) քվեներով: