Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը ևս: Այս մասին լրագրողներին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գրիգորյանի պաշտպանները նրա խափանման միջոցի հարցը քննող դատավորին երկրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դրա հիմքը չեն հայտնել լրագրողներին:

Այս պահին դատական նիստն ընդմիջվել է, կվերսկսվի ժամը 14:15-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018թ-ի դեկտեմբերի 21-ին, և այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: