ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից՝ ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացել է հունվարի 16-ին Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

«Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության լուծման համաձայնեցված և խաղաղ ուղիներ որոնելու կողմերի հանձնառությունը, և, մասնավորապես, ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին նախարարների համաձայնությունը: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

Հանդիպման նոր ժամկետները դեռևս չեն հաստատվել, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները: