Թուրքիայի լրագրողների միությունն ուղերձ է հրապարակել պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը, միության նախագահ Թուրգայ Օլջայթոն ուղերձում ընդգծել է, որ Դինքին սպանած ու նրանց այդ քայլին դրդած անձանց բացահայտելն ու պատասխանատվության ենթարկելը պետք է լինի թուրքական արդարադատության առաջնային պարտքը:

«Սիրով և կարոտով ենք հիշում Հրանտ Դինքին, որը 12 տարի առաջ մեզնից հեռացավ այդ դավաճան հարձակման հետևանքով: Թուրքիայում հայ և թուրք ժողովուրդների միասնականության ու բարեկամության զարգացման համար երկար տարիներ ջանքեր գործադրած Հրանտ Դինքը ժողովրդավարական արժեքների հանդեպ ունեցած իր հավատով ու աշխատանքներով հասարակության մեջ ինքնին մի արժեք էր: Ճիշտն ասած՝ շատ հետաքրքիր է՝ Հրանտ Դինքին ատելության խոսքի միջոցով թիրախ դարձրածները գոնե չնչին խղճի խայթ զգո՞ւմ են, թե՞ ոչ», - գրել է Օլջայթոն իր ուղերձում:

Թուրքիայի լրագրողների միության նախագահն ընդգծել է, որ Դինքի սպանության պատասխանատուներին գտնելու և արդարությունը վերականգնելու ջանքերով թուրքական դատարանն առայժմ կարծես աչքի չի ընկնում: Չնայած դրան՝ իրենք շարունակելու են հետևել դատական գործընթացին և պահանջել շոշափելի արդյունքներ։

«Հրանտ Դինքը մեր գործընկերն էր, մեր բարեկամը, ամեն հարթակում խաղաղության համար պայքարող, մարդակենտրոն և իր գործի գիտակ լրագրող: Մենք նրան ոչ մի պահ չենք մոռացել: Նրա կորստի ցավը միշտ մեր սրտում է, լույսերի մեջ պառկիր, հրաշալի մարդ»,- ասվում է ուղերձում:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը թուրք ազգայնականի կրակոցով սպանվել է 2007թ-ի հունվարի 19-ին՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Նրա սպանության գործով դատավարությունը շարունակվում է մինչ օրս: