ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հույս ունի, որ ԱԺ-ն իր աշխատանքը մեկնարկելուց հետո կարդարացնի ժողովրդի սպասելիքները։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարևոր հարցերից է նաև դատական համակարգը։ Ըստ նրա՝ պետք է մոբիլիզացնել հանրապետության բոլոր կարող ուժերին, որպեսզի արդարադատությունը ՀՀ-ում դառնա այն կարևոր հիմքը, որի վրա կկառուցվի պետական բոլոր հարաբերությունները։

«Բնականաբար, այստեղ կարևոր դեր ունի նաև 4-րդ իշխանություն։ Եթե առաջին 3 իշխանության ճյուղերը սպասարկում են տնտեսությանը, պետության կարևորագույն բաղադրիչներին, ապա ԶԼՄ-ի դերը միշտ եղել է հասարակության բոլոր շերտերի շահերի սպասարկումը։ Այստեղ է, որ իշխանության 4-րդ ճյուղն ավելի մեծ անելիք ունի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ներդրումներին, Բագրատյանն ասաց, թե արդեն իսկ նոր իշխանությունների բերած պատճառաբանությունները, որոնք կարող են հիմք լինել չկատարելու որևէ խոստում։

«Մենք բազմաթիվ նախընտրական խոստումների ենք ականատես եղել, պետք է պահանջեք, որ իշխանությունները ներկայացնող բոլոր մարմինները սկսեն արագ կենսագործել բոլոր խոստումները, որոնց սպասում է հասարակությունը, որոնք մեր երկրին կբերեն զարգացումներ։ Բոլոր խոստումները, որոնք տվել ենք, պետք է կատարվեն, իսկ ժամանակը, որը տրված էր, արդեն սպառվել է ու գործնական քայլերով պետք է ապացուցել, որ նորընտիր իշխանությունն ի զորու է երկրի առաջ ծանրացած բոլոր մարտահրավերները հաղթահարել»,- շարունակեց Բագրատյանը։

Նա նշեց, որ ինքը բոլորի կարծիքը հարգում է՝ շեշտելով, որ իրենք ունեն իրենց կարծիքը խորհրդարանական ընդդիմության մասին։ Պատգամավորը վստահ է, որ այսօր ԱԺ-ում կա հզոր ընդդիմություն, որը հանրությանը կներկայացնի իր ուրույն դեմքն ու աշխատանքները։

«Բոլորովին պարտադիր չէ, որ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում ունենանք տարաձայնություն, քանի որ բոլորս հասկանում ենք, որ հանձնաժողովի նախագահի ընտրությունը ֆորմալ իմաստ ունի։ Վստահեցնում եմ՝ մենք ուշադիր հետևելու ենք իշխանությանը։ Այն բոլոր ուղղությունները, որտեղ մեր ծրագրային դրույթները կհամընկնեն, իսկ իշխանությունը կունենա կամք անելու բոլոր հնարավոր քայլերը, բնական է, որ մենք չենք կարող ընդդիմանալ, իսկ այն տեղերը, որտեղ խոստումները չեն կատարվի, մենք կօգտագործենք խորհրդարանական վերահսկողությունը և կհակազդենք»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը։