ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն Ազգային Ժողովի մասին հայտնել է իր տեսակետը․

«Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում»,- թոխանցում է Tert.am-ը:

«Սկսած պատգամավորների ակտիվացումից, նրանց բարձրացրած հարցերի բնույթից, կարևորությունից, նկատելի է այդ առողջացման միտումը, և տա Աստված, որ դա լինի շարունակական և ավելի խորքային, որից բացառապես կշահի ժողովուրդը»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ այս կառավարությունը, ինչպես նաև նոր ԱԺ-ն ավելի շատ պոպուլիստական հայտարարություններով են աչքի ընկնում, քան աշխատում են:

«Ես այդպիսի ծայրահեղ կարծիքներ չեմ կիսում, մենք հարգանքով ենք վերաբերվում մեր կառավարությանը և նախարարներին, հարգանքով ենք վերաբերվում մեր խորհրդարանական և արտախորհրդարանական գործընկերներին, համենայն դեպս, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը և կրում դրա համար լիակատար պատասխանատվություն: Հիմա մենք բոլորս բոլորի նկատմամբ ինչ-որ տեղ ավանսով ենք վերաբերվում, նկատի ունեմ նաև հանձնաժողովերի նախագահների ընտրությունը. այնպես չէ, որ բոլոր թեկնածուները բոլոր հարցերին տվեցին ավարտուն պատասխաններ, բայց այստեղ կա միմյանց օգտակար լինելու իրական ցանկություն, մենք այդպիսի ցանկություն էլ պաշտոնապես հայտնել ենք, որ պատրաստ ենք աջակցել երիտասարդ քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին»,- ասաց նա:

Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ ամեն ինչ ժամանակն ու տարածությունը ցույց կտա:

«Եթե ինչ-որ մեկը կարճ ժամանակ անց կապացուցի իր լիարժեք անհամապատասխանությունը իրեն վստահված կարգավիճակին, համապատասխան քաղաքական ուժը կվերանայի իր ներկայացրած պաշտոնյայի պաշտոնավարման շարունակման հարցը: Բայց այս պահին առողջացման միտում կա, և մենք էլ ամեն ինչ անում ենք այդ միտումը խորացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Հարցին, թե արտախորհրդարանական ուժերից ասում են, որ այս խորհրդարանում, ըստ էության, ընդդիմություն չկա, և հիմնական ուժը դրսում ձևավորվելիք ընդդիմությունն է, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց.

«Հիմնականում դրսում ձևավորված քաղաքական ուժերը միշտ էլ մեղադրանքներով են հակված մոտենալ խորհրդարանական ուժերին, սա գուցե և մի տեղ հասկանալի է, մարդիկ երկար տարիներ զբաղեցրել են պաշտոններ, իրենց պատկերացրել են քաղաքականության մեջ և հիմա հայտնվել են ակտիվ քաղաքականությունից դուրս, կարող են լինել որոշակի դժգոհություններ, իրենց էլ կարելի է հասկանալ, բայց ասել, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, ձևական է, առանց որևէ իրավաբանորեն պատճառաբանված հիմնավորման, սա ճիշտ չէ: Հիմա ով ասում է այդպես, մենք էլ ասում ենք՝ կա, ու կլինեն նախագծեր, և կտեսնեք, թե ինչքան սուր քննարկումներ կլինեն: Պարզապես հաշվի առնելով առաջին նստաշրջանի օրակարգային հարցերի բնույթը՝ այստեղ չէին կարող շատ սուր քննադատություններ լինել, որովհետև առարկայական, օրենսդրական քննարկումներ չկային, իրավական նորմեր ընդունելու, փոփոխելու կարիք չկար, և շահերի բախում չէր կարող լինել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ խորհրդարանում բոլորն էլ տրամադրված են բարիդրացիական լինել միմյանց նկատմամբ:

«Եթե մենք ունենք աջակցության կարիք, մեր պատվախնդրությունը թույլ է տալիս այդ աջակցությունը հայցել իշխանական խմբակցությունից, և կարծես թե հակառակը նույնպես պետք է լինի, բայց չի բացառվում, որ հետագայում լինեն օրակարգային հարցեր, որտեղ լինեն սուր քննադատություններ: Քաղաքական պրոցես է, և պետք է սառնասրտորեն վերաբերվել նաև դրսից հնչող կարծիքներին»,- ասաց նա:

Իսկ թե գոհ են ընդդիմությանը տրված հավասարակշռելու լծակներից, ԲՀԿ պատգամավորն ասաց, որ իրենց ակնկալիքները, իհարկե, ավելի մեծ են եղել․

«Բայց քանի որ ժողովուրդը մեզ այդքան վստահություն է տվել, մենք ստիպված ենք բավարարվել ժողովրդի տված մանդատով»,- ասաց նա: