Հունաստանի բնակիչները վերսկսել են բողոքի ակցիաները վարկատուների պահանջով երկրում խնայողության խիստ միջոցների սահմանման դեմ:

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գործադուլի պատճառով հասարակական տրանսպորտն ամբողջովին դադարեցրել է աշխատանքը: Երկրում տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել այն բանի կապակցությամբ, որ Հունաստանի օդանավակայանների ավիադիսպետչերներն ի նշան բողոքի ժամանակավորապես լքել են աշխատատեղերը: Գործադուլին միացել են նաև պետական հիմնարկներում աշխատող ուսուցիչներն ու բժիշկները, նրանք աշխատանքի դուրս չեն եկել:

Նշվում է, որ հունվարի 15-ին Հունաստանի խորհրդարանում պետք է քվեարկություն անցկացվի բյուջետային խնայողության նոր միջոցներին վերաբերող օրինագծի շուրջ: Այդ կապակցությամբ հունական արհմիությունները բողոքի երեք երթ են պլանավորել, որոնք օրվա ընթացքում կանցկացվեն Աթենքի կենտրոնական շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: