Ստեփանակերտում նախատեսվում է կառուցել բնակելի երկու նոր թաղամաս՝ բազմաբնակարան շենքերով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ թաղամասերից մեկը նախատեսված է կառուցել Ստեփանակերտի Թումանյան փողոցի՝ նախկին շինանյութերի կոմբինատի տեղը, իսկ մյուսը՝ Տիգրան Մեծ փողոցի՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին շենքի տարածքում:

Նախարարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, 5, 7 և 9 հարկանի շենքերը կունենան 200 և 300 բնակարաններ:

«Շինությունները կառուցվելու են ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Տիգրան Մեծ փողոցի վրա կառուցվող շենքում նախատեսում ենք շինարարության համար օգտագործել սեյսմակայուն բարձիկներ, որոնք հուսալի են դարձնելու շենքի սեյսմակայունությունը: Նոր շենքերը լինելու են գազաֆիկացված: Բոլոր բնակարաններում տեղադրվելու են գազի ազդանշանային համակարգեր: Երկու նոր թաղամասերի տարածքների շինհարթակն արդեն պատրաստ է շինարարություն սկսելու համար: Ներկայումս աշխատանքները գտնվում են նախագծային փուլում: Շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2020թ-ին»,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը՝ ընդգծելով, որ այդ բնակարանները քաղաքացիներին է տրամադրվելու հիփոթեքային նոր՝ ավելի մատչելի պայմաններով։

Լրագրողների այն հարցին, թե 1920-ական թթ-ից ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին տարածքում սիբիրախտով վարակված հատվածի առկայությունը չի՞ խանգարի նոր շենքի կառուցմանը, Կ. Շահրամանյանը պատասխանել է, որ ներկայումս այդ տարածքը մի քանի շերտով բետոնապատված է և փակված:

«Այդ հատվածը լինելու է կանաչ գոտում և այդտեղ հողային որևէ աշխատանք չենք թույլատրելու իրականացնել: Նախագծով այնպես է նախատեսված, որ այդ տարածքը չօգտագործվի: Սիբիրախտով վարակված այդ տարածքում բնակվելը ոչ մի վտանգ չի սպառնում բնակչությանը»,- պարզաբանել է ոլորտի պատասխանատուն:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ բնակարանաշինության ծրագրով նախատեսվում է նոր բնակելի բազմաբնակարան թաղամասեր կառուցել նաև Ասկերանում, Մարտունի քաղաքում և շրջանի Կարմիր Շուկա գյուղում: