Հայաստանից հինգ զինծառայողներ մասնակցում են Իմերեթիի շրջանում գտնվող լեռնային Սաչխեր դպրոցում անցկացվող վարժանքներին:

Բացի հայաստանցիներից, զորավարժություններին մասնակցում են նաև Վրաստանից, Լատվիայից, Լեհաստանից ընդհանուր առմամբ 12 զինծառայող:

Զորավարժությունները մեկնարկել են այսօր և կշարունակվեն մինչև փետրվարի 3-ը: Այդ ընթացքում նրանք իրականացնելու են պայմանական որոնողա-փրկարարական աշխատանքներ, կսովորեն կանգնել դահուկների վրա, հաղթահարել խոչընդոտները ձյունածածկ տարածքներում:

Նրանց կսովորեցնեն ցուցաբերել առաջին օգնություն այն մարդկանց, ովքեր հայտնվել են ձնակույտի տակ, պատգարակով տարհանել տուժածներին: Վարժանքների ավարտից հետո զինծառայողները քննություն կհանձնեն, լավ արդյունքի դեպքում կստանան հավաստագրեր:

Անցած տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ վրացական կողմն առաջարկել է՝ հայ զինծառայողները պատրաստություն անցնեն Վրաստանի լեռնային Սաչխեր դպրոցում: