«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդի նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն, իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։

Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ, շահագրգիռ, բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ։ Գլխավոր նպատակն է՝ ԲՈՒՀ-ի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։

Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։

Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։ Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի, հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը։