50 տարի առաջ այս օրը՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրն համարվում է գլխավորն ու ամենատպավորիչը բազմաթիվ այլ համանման հուշարձանների շարքում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հայ ազգին միավորող եզակի հուշարձան է:

ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ առաջին անգամ Խորհրդային Հայաստանում պարտադրված երկարատև լռությունից հետո պետական մակարդակով ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոգեկոչվել է 1965 թվականին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին:

Ոգեկոչման միջոցառումների և հուշահամալիրի կառուցման գլխավոր նախաձեռնողներից էր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը (1908-1980): Դառնալով ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1960թ.)՝ հայրենասեր պետական գործիչը, ոչ միայն տնտեսական բարձր ցուցանիշներ է ապահովում, այլև կուսակցական գաղափարաքաղաքական շղթաները զանց առնելով, սկսում է իր ժամանակի համար անհնարին թվացող համազգային ծրագրերի իրագործումը՝ Սփյուռքի հետ կապերի ամրագրում, Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպում, Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցում և այլն:

1966 թ. փետրվարի 5-ին Զարոբյանը ազատվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Յա. Զարոբյանի կողմից իրականացվող համահայկական միջոցառումները մեծապես խթանել են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի ծավալմանը:

Հիմք ընդունելով 1965 թ. մարտի 16-ի ՀԽՍՀ Նախարարների խորհրդի կարգադրությունը՝ թերթերում հրապարակվեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման հանրապետական մրցույթի ծրագիրն ու պայմանները: Հուշարձանը պետք է ոգեկոչեր Ցեղասպանության զոհերի հիշատակը և միևնույն ժամանակ խորհրդանշեր հայ ժողովրդի վերածնունդը, նրա ներկան և պայծառ ապագան. սա մրցույթի գլխավոր պահանջն էր:

Մրցույթին ներկայացվել է 78 նախագիծ: 12 հոգուց բաղկացած հեղինակավոր հանձնաժողովը (նախագահ՝ Գ. Աղաբաբյան) ընտրել է «ՀԽՍՀ դրոշ» ծածկապատկերով նախագիծը (ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան):

Ճարտարապետների կողմից ընտրվել է հուշարձանի կառուցման եռատարր հորինվածքի սկզբունքը: Դրա համաձայն՝ դեպի հավերժության կրակը խոնարհված 12 բազալտե սրբատաշ մույթերը, կազմելով կոնաձև բաց ծավալով կառույց, խորհրդանշում են Մեծ եղեռնի զոհերի դամբարանը: Դեպի երկինք խոյացող հուշասյունը՝ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Կառույցն ամբողջացնում է հուշապատը, որի հակառակ կողմում 1996 թվականից ամփոփված են Հայոց ցեղասպանության դեմ բողոքի ձայն բարձրարցրած հասարակական-քաղաքական գործիչների և մտավորականների շիրիմներից բերված հողով սափորները: Հուշապատի վրա 2002թ. փորագրվել են Օսմանյան կայսրության հայաբնակ առավել խոշոր բնակավայրերի անվանումները:

1968թ. հուշարձանը ներկայացվել է երիտասարդ ճարտարապետների համամիութենական ամենամյա ստուգատեսին և արժանացել առաջին կարգի դիպլոմի: