«Մենք 2019թ․ մտել ենք նոր խորհրդարանով, որը ոչ թե ընտրովի էր, այլ նշանակովի։ Նշանակովի օրվա իշխանության հերոս Փաշինյանի կողմից իր քաղաքական ճաշակով՝ առանց իրական ընդդիմության»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ պառլամենտում այսօր չունեն իրական ընդդիմություն, ունեն սահմանադրական ընդդիմություն, որն ուզած-չուզած ընդդիմություն է։

«Երբ որ ասում ենք չկա իրական ընդդդիմություն, ամենևին նպատակ չունեմ ստվեր գցել ոչ ԲՀԿ-ի, ոչ «Լուսավար Հայաստանի» վրա, պարզապես փաստն եմ արձանագրում, որովհետև այդ երկու կուսակցությունները, նրանց լիդերներից մեկը այս 8-9 ամիսներին ակտիվ պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունը, մեկը ջուր էր տանում հեղափոխությանը կամ սատարում էր Փաշինյանին։ Այդ 8-9 ամիսների ընթացքում ոչ ԲՀԿ-ն, ոչ «Լուսավոր Հայաստանը» չեն քննադատել Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը ոչ տնտեսության, ոչ արտաքին քաղաքականության, ոչ էլ ժողովրդավարության հետ կապված։ Նրանք ավելի շատ նրան սատարողներն են։ Դասական իմաստով ավելի ճիշտ կլիներ այս պառլամենտն անվանել Փաշինյանի թիմի և նրան սատարողների պառլամենտ, որովհետև այս 9 ամսում այդ ուժերը չեն քննադատել։ Հիմա միգուցե փորձեն, որովհետև ստիպված են, քանի որ արդեն սահմանադրությամբ ընդդիմություն են»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում, ի դեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության, ունեն պոպուլիստական իշխանություն։

«Հեղաշրջման շրջանում Փաշինյանը խոսում էր ամեն ինչից՝ թոշակների բարձրացում, աղքատներ չեն լինելու, թռիչքային զարգացում, կարմիր գծերը պետք է հանվեն, տեսախցիիկները պետք է հանվեն։ Այսինքն Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։

Նա նշեց, որ բոլոր ցուցանիշներով, նույնիսկ Փաշինյանի իշխանության բերած, այս 9 ամիսների արդյունքները նկատելիորն զիջում են նախկին իշխանության ցուցանիշներին.

«Ասում է 75,5 միլիոն դոլար ներդում է արվել երրորդ եռամսյակում։ Առաջին եռամսյակում, երբ որ մենք ենք եղել, մեր հաշվարկներով 100 միլիոնից ավելի է եղել, Փաշինյանի տվյալներով մոտ 93 միլիոն դոլար։ Բոլոր ոլորտներում խայտառակ անկում է»։

Նրա գնահատմամբ, արդարադատությունը նույնպես խայտառակ վիճակում է։

«Առաջին օրվանից, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, առաջին անգամ նա ձերբակալվեց, ես և մեր կուսակցությունը նշել ենք, որ սա մտահոգիչ է, խայտառակություն է։ Այո, գտնում ենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Խաչատուրովի հետ կապված էլ։ Ձայնագրությունները միասին չենք լսե՞լ։ Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում է, որ երկու օր կբռնենք, խելքը գլուխը կգա, դրանից այն կողմ էլ քաղաքական հետապնդումը ո՞նց պետք է լինի։

Մարտի 1-ի հետ կապված իմ կարծիքը չի փոխվել, հիմնական պատասխանատուն Տեր-Պետրոսյանն է իր քաղաքական աջակիցներով, որն այդ օրերին Հայաստանում սերմանել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց.

«Ես չեմ ասում այն ժամանակ իշխանությունները սխալներ չունեն։ Յուրաքանչյուր իշխանության ունի սխալ»։