«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ), որը Հայաստանում գործում է 26 տարի և իրականացնում ակնաբուժական լայնածավալ ծրագրեր, փետրվարի 8-10-ը Երևանում և Գյումրիում կազմակերպել է բարեգործական համերգաշար՝ «Լույս հայի աչքերին» խորագրով՝ նվիրված Հայաստանում ՀԱՆ ԲՀ-ի կողմից իրականացվող ծրագրերին:

Հիմնադրամից հայտնում են, որ համերգի հյուրերն են հանրահայտ երիտասարդ կատարողներ Սերխիո Էսկալերան (դաշնամուր, Բոլիվիա) և Գերվասիո Տարագոնա Վալլին (կլարնետ, Ուրուգվայ), ովքեր մի քանի անգամ համերգային ծրագրերով այցելել են Հայաստան և այս անգամ ցանկություն հայտնել ելույթ ունենալ հայ հադիսատեսի համար անվճար հիմունքներով: Կատարողները հանդես կգան լարային քառյակի ընկերակցությամբ, կազմում՝ Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյան (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյան (ալտ) և Հակոբ Աթյան (թավջութակ): Համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի «Կլարնետի կվինտետ» և Դվորժակի «Դաշնամուրային կվինտետ» ստեղծագործությունները:

Վերոնշյալ համերգների մուտքն ազատ է: Ընթացքում կկազմակերպվի հանգանակություն, որից ստացված գումարը կտրամադրվի ՀԱՆ ԲՀ-ի նոր ծրագրերից մեկին՝ մանկապարտեզների 3-5 տարեկան երեխաների ակնային զննմանը՝ հայտնաբերելու այնպիսի խնդիրներ, որոնք մինչև 7 տարեկան հասակը բուժելու պարագայում լիովին կանխարգելում են կուրությունը: