Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը, այսօր Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովին բացման խոսքում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը նշել է՝ հետևապես պարզ է, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը Հայաստանի համար առաջնային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի (ԱՃԹՆ) սկզբունքների բազմակողմանի ներդրումն էր։

ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Րիչը նշել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ աճող ոլորտներից է:

«Գնալով ավելի կարևոր է դառնում այն հարցում համոզված լինելը, որ ոլորտային քաղաքականության մասին տեղեկացվածության մակարդակը բարձր է և այն արդյունավետ է իրականացվում: Արդյունքում կապահովվի, որ Հայաստանը ստանում է այն, ինչ պետք է ստանար՝ միաժամանակ ստեղծելով գրավիչ ներդրումային միջավայր: Մենք շնորհավորում ենք Հայաստանին ԱՃԹՆ առաջին զեկույցի հրապարակման կապակցությամբ, որտեղ առաջին անգամ մեկ վայրում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է ողջ ոլորտը կառավարվում: Այս տեղեկատվությունը հիմնականում հասանելի է առցանց: Եվ այն լավ քաղաքականության հիմքն է», - ասել է Էդդի Րիչը։

Նշենք, որ Համաժողովը կազմակերպել են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը։

Համաժողովին ներկա են Հայաստանի կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակության և այլ անդամ երկրների կառավարությունների, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԱՃԹՆ-ի ազգային զեկույցը նպատակ ունի ոլորտին առնչվող համապարփակ տեղեկատվությունը զետեղել մեկ վայրում՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով կիրառել դրանք վերլուծությունների իրականացման, հիմնախնդիրների շուրջ փաստարկված քննարկումների ծավալման, ինչպես նաև ոլորտում բարեփոխումների նախաձեռնման համար։