Այսօր նախագահական նստավայրում, Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ տեղի կունենա կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինն անցած տարվա մայիսի 21-ին էր նույն տեղում։

Հիշեցնենք, որ կառավարության կազմը դեռ վերջնական ձևավորված չէ։ 17 նախարարներից նշանակված են 12-ը։ Օպտիմալացման մասին խոսակցությունները կան, բայց օրենքը՝ ոչ։

ԱՅս թեմայի մասին խոսել է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը։

«Կարգավորումները լինում են այդ պահին գործող օրենքներով ու օրենսդրությամբ»,- ընդգծել է Այվազյանը։ Այս մասին գրում է panorama.am-ը։

Նա հիշեցրել է Սահմանադրության 150 հոդվածի պահանջի մասին.

«Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետերին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»։

Սահմանադրական իրավունքի մասնագետը համարում է, որ այս հարցում իշխող ուժն առաջնորդվել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։

«Եթե նախարարությունների թվի կրճատման մասին օրենքը չի ընդունվել և ուժի մեջ չի մտել, կիսատ կազմով պետք է երդվեն, դա կլինի Սահմանադրության խախտում»,- ասել է նա։

Այվազյանի խոսքով, եթե իշխող ուժը մտադիր է կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ իրականացնել ու կրճատումներ անել, աբսուրդ կլիներ 17 նախարար նշանակելը, նրանց երդվելը, ապա՝ աշխատանքից ազատելը։

«Խնդիրը հետևյալն է, եթե վարչապետի թիմը պրոֆեսիոնալ ունակություններ ունենար, ապա մինչև Ազգային Ժողովի ընտրությունները, նախընտրական շրջանում պետք է այս բոլոր խնդիրների լուծումները կոնցեպտուալ առումով իրենց ձեռքին լիներ, որպեսզի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու դեպքում շատ արագ փոփոխություններն ընդունեին։

Բայց թողել են, մնացել է, հիմա ուզում են փոփոխություն անել, օրենքը չկա, փաստացի պետք է առաջնորդվեն գործող օրենքով, որտեղ 17 նախարար պետք է լինի։ Փաստացի կառավարությունը ամբողջությամբ ձևավորված չէ»,- ասել է Այվազյանը։

Նա համարում է, որ ՀՀ նախագահն ու կառավարության ղեկավարը չեն կատարել Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները, 15 օրում կառավարություն չեն ձևավորել։

«Կարելի է ասել, որ Սահմանադրության խախտում է, որ տասնհինգօրյա ժամկետում ամբողջ կազմը չի ձևավորվել, առավել ևս գործող օրենքի խախտում է, որ կառավարության մյուս անդամները չեն նշանակվել։ Սա և Սահմանադրության, և օրենքի խախտում է»,- կարծիք է հայտնել սահմանադրագետը։