Շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը, ՀՀ չափսերին մոտ երկրների կամ տարածաշրջանների համար, նաև դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության շրջանակներում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ իր վերջին երկու արտասահմանյան գործուղումները դա են վկայում:

«Նման նախաձեռնության մասին ինձ դեկտեմբերին հայտնեց ՌԴ Կալուգայի մարզի նահանգապետը և երկու օր առաջ՝ Բելառուսի առողջապահության նախարարը։ Նրանք երկուսն էլ ստեղծում են մեկ կազմակերպություն, որը շտապօգնության ծառայություն կմատուցի իրենց տարածաշրջաններում՝ մեկ հարկի տակ համախմբելով մինչ օրս գործող ապակենտրոնացված ՇՕ ծառայությունները»,- ասվում է գրառման մեջ։

Նախարարի կարծիքով, Հայաստանը նույնպես պետք է գնա այդ ուղղությամբ՝ ունենալով մեկ շտապօգնության ծառայություն ամբողջ Հայաստանի համար՝ հստակ գծված լիազորությունների և պատասխանատվությունների շրջանակով, ծառայության մատուցման վերանայված չափորոշիչով։

«ՇՕ բարեփոխումների շուրջ աշխատանքները մեր մոտ սկսվել էին դեռ աշնան սկզբից, բայց հիմա ավելի կարագացվեն նաև վերջին շրջանի զարգացումների պատճառով։ Բարեփոխումների աշխատանքներում կօգտագործվի ինչպես միջազգային փորձը, այնպես էլ մեր ՇՕ ծառայության այն բուժաշխատողների գիտելիքները և փորձը, ովքեր պատրաստակամ կլինեն օգնել»,- գրել է Թորոսյանը։