Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, հայտնում է խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկու ժողովուրդի միջև բարեկամական կապերին ու պատմականորեն ձևավորված հարաբերություններին: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով օրենսդիր մարմնում բարեկամական խմբերի ձևավորմանը` Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններիս փոխայցերի և ակտիվ համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կարձանագրեն զարգացման նոր արդյունքներ:

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու առթիվ, մաղթել է բեղմնավոր աշխատանք: Դեսպանը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխայցերը:

Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է, և իրենք պատրաստ են ջանքեր ներդնել խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ գործակցությունը բոլոր ուղղություններով:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` դեսպանը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Կողմերը կարևորել են համագործակցությունը մշակութային, կրթական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում` գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև գրանցված առևտրաշրջանառության ծավալի ավելացման փաստը: