Ռուսական բազմաթիրախային կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ գործարքն արդեն ստորագրվել է։

Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ-30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին գրում է sputnik.am-ը։

«Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրությունում։

Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ՌԴ կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1-ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։ Նա հաղորդել էր նաև, որ եզրափակիչ փուլում են 100 միլիոն դոլար ռուսական վարկի շրջանակում սպառազինություններ առաքելու մասին բանակցությունները։

Սու-30ՍՄ-ն ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Իր տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ Սու-30ՍՄ-ն դասվում է 4++ սերնդի շարքը։ Այս մեքենայի գլխավոր նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։