Երևանում հարձակում է իրականացվել Վիլնյուս փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի վրա։

Ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգը ստացել են կեսգիշերին մոտ՝ ժամը 23։45-ին։

«Հաղորդում է ստացվել, որ Վիլնյուս 85 հասցում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել։ Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տրվել, որ ժամը 23։20-ին դիմակավորված երկու անհայտ անձինք զենքի նմանվող առարկայի սպառնալիքով սուպերմարկետի դրամարկղից հափշտակել են գումար»,- ասացին ոստիկանությունից։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 2-րդ 3-րդ և 4-րդ կետով: Իրականացվում են քննչական և օպերատիվ որոնողական աշխատանքներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նկատենք, որ Երևանում վերջին ամսվա ընթացքում հարձակումներ են կատարվել Մելլաթ բանկի, ՎՏԲ բանկի մասնճյուղերից մեկի, բուքմեյքերական գրասենյակի, վարկային կազմակերպության երկու մասնաճյուղերի վրա։ Սրանք միայն հրապարակված դեպքեր են։