Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորմանը, նշել է, որ հակամարտության երկու կողմը «պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն»:

«Կարծում եմ, որ պարոն վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց մյուս կողմն էլ պետք է համարժեք քայլեր անի»,- ասել է Մերկելը:

Հայաստանի վարչապետը պարզաբանել է, թե ինչ ասել է «խիզախ քայլ»:

«Ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես հույս ունեի, որ նման հայտարարություն կանի նաև ադրբեջանական կողմը, բայց, ցավոք, ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ ԼՂ հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի համար»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ քանի դեռ Ադրբեջանից համարժեք հայտարարություններ չեն հնչում, մեծ հույսեր չի կարելի ունենալ, որ գործընթացն առաջ կշարժվի:

«Մեր քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել ԼՂ անունից այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները»,- ևս մեկ անգամ շեշտել է Նիկոլ Փաշինյանը: