Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մրցաշարը տեղի կունենա մարտի 4-15-ը՝ Աստանայում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները տեղի կունենա մարտի 4-15-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Կանանց թիմային առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց ընտրանին: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր մեր թիմը ստացել է 2018թ-ին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ:

Կանանց պայքարում հանդես կգան Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի և Հնդկաստանի թիմերը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից հրապարակված ցանկում նշված է որպես 2-րդ պահեստային թիմ: