Փետրվարի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Զիբիլիքսի» գործով մեղադրվող Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանին և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2 մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) և դատապարտել տուգանքի՝ 2.5 մլն դրամ գումարի չափով:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Հրայր Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ-ի մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում Ստեփան Սահակյանի հետ, նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:

Ստեփան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավագանու հերթական ընտրություններին ավագանու անդամի թեկնածու առաջադրված իր ընկեր և կուսակից` Հրայր Անտոնյանի հետ նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար: