ՊԵԿ-ի հետ ճշտված է, թե կոկորդիլոսն ինչ կոդի տակ պետք է ներկրել՝ թռչնի, թե կենդանու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:

«Ներկրելու համար ամեն ինչ ունի կոդ, իսկ մենք չունենք մշակված օրենսդրություն՝ ինչ է դա՝ թռչո՞ւն, թե՞ կենդանի: Խնդրել էինք ՊԵԿ-ին ճշտել՝ ինչ կոդի տակ ներկրել: Եթե ձու է, ապա ներկրումը լինելու է թռչունի հետ կապված, եթե կենդանի կոկորդիլոս ենք ներկրում, ապա այն լինելու է կենդանու անվան տակ: Խնդիրը լուծված է»,- ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ձու ներկրել 3-4 տարբեր աֆրիկյան երկրներից և տարիների ընթացքում հենց այստեղ հիմնել կոկորդիլոսաբուծարան, որի համար կլիմայական պայմանները բավարար են:

«Մեկ ձվի արժեքը 400 դոլար է, բայց ծրագրի վրա ոչ մի կոպեկ դեռ ներդրված չէ»,- ասել է նա:

Սարգսյանն ընդգծել է, որ սա հրաշալի հնարավորություն կլինի զբոսաշրջիկներին գրավելու համար՝ նկատելով, որ Արարատի Դաշտավան գյուղում միայն կոկորդիլոսաբուծարան ստեղծելու մասին չէ խոսքը և այն 31 նոր ենթակառուցվածքների մի բաժինն է լինելու, իսկ ենթակառուցվածքը կրելու է «Ապշանքի էկոայգի» անվանումը:

«Ցավալի է, որ բոլորը խոսում են կոկորդիլոսների բուծարանից ու չեն խոսում մնացածի մասին: Այստեղ մենք ներդնելու ենք այն ենթակառուցվածքները, որոնք այսօր չկան Հայաստանում՝ երեխաների խաղահրապարկներ, շների համար, բացօթյա ֆիտնեսի համար պայմաններ, հեծանիվների համար ուղիներ, ալիքային լողավազան և այլն»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով՝ նախատեսվում է այգու կառուցման աշխատանքները սկսել մարտի 1-ից: