Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի համայնքապետարանը տեղի բնակչության պահանջով միաձայն որոշել է Մաբեթ փողոցը վերանվանել Տատյան փողոց։

Որոշումը կիրագործվի փետրվարի 5-ին:

Բաքըրքյոյի շրջանի Զեյինլիք թաղամասի Մաբեթ փողոցում, որտեղ գտնվում են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և Դադյան հայկական վարժարանը, «Տատյան» անունը կրող ցուցատախտակ կամրացվի։

Բաքըրքյոյի համայնքապետ Բյուլենթ Քերիմօղլուն հիշեցրել է, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։

«Բաքըրքյոյի մեր քաղաքացիների պահանջով և Բաքըրքյոյի համայնքապետարանի կողմից միաձայն ընդունված որոշման համաձայն վաղը Մաբեթ փողոցը կվերանվանվի Տատյան փողոց»,- հայտարարել է Քերիմօղլուն։