Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսպես էր 1930-ականների սկզբին քանդվում Երևանի հնագույն եկեղեցին՝ Սուրբ Պողոս-Պետրոսը: Այն Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր, որի մասին մանրամասն նկարագրություններ են թողել 17-րդ դարում Երևան այցելած եվրոպացի ճանապարհորդները: Պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկ եկեղեցիների տիպին։

Չնայած նրան, որ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման տարեթիվը 5-րդ դարն է համարվում, սակայն քանդման ժամանակ բացվեցին ավելի վաղ ժամանակաշրջանի հեթանոսական պերճաշուք տաճարի և նրան շրջապատող հնագույն պարիսպների հիմքերը: Այսինքն, այդ նույն տեղում առնվազն 3-րդ դարից արդեն գոյություն ունեցող հեթանոսական տաճարը՝ 5-րդ դարում ուղղակի վերափոխվել էր քրիստոնեական կառույցի: Հայտնի է, որ 7-րդ և 12-րդ դարերում եկեղեցին ենթարկվել է վերանորոգումների, սակայն 1679թ-ի աղետալի երկրաշարժի ժամանակ Երևանի մի շարք եկեղեցիների նման այն ավերվեց։ Երկրաշարժից հետո եկեղեցին վերակառուցվում է, որից հետո հիմնովին վերանորոգվում արդեն 19-րդ դարում։

1930 թվականների սկզբին Երևանի սրտում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին բոլշևիկյան իշխանությունների կողմից բարբարոսաբար քանդվեց՝ չնայած հայ մտավորականության կողմից բարձրացված բողոքի մեծ ալիքի, և նրա տեղում կառուցվեց ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի շենքը»։