2019թ-ին Երևանի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում 175 թեքահարթակ կկառուցվի: Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի առաջին նիստում ներկայացվել է 2019թ. գործունեության ծրագիրը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Առաջարկվել է գործընթացին մասնակից դարձնել նաև շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի թեքահարթակները կառուցվեն չափորոշիչներին համապատասխան: Ճանապարհային ոստիկանության կողմից մի շարք խաչմերուկներում կտեղադրվեն հետիոտնային ձայնային ազդանշաններով նոր լուսացույցներ:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, խոսելով տարվա անելիքների մասին, նշել է, որ ծրագրերը պետք է լինեն առարկայական և իրագործելի: