2019թ-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում թվով 7 ավագ դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքներ կմեկնարկեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ կրութության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս աշխատանքների արդյունքում կբարձրացնենք դպրոցների սեյսմականության մակարդակը, կբարեկարգենք տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգենք սպորտային հրապարակներն ու կստեղծենք նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ», - գրել է նախարարը:

Ընթացիկ տարում կմեկնարկեն Երևանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի, Տ․Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի, Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոցի, Շիրակի մարզի «Գյումրու ակադեմիական վարժարանի», «Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի», Սյունիքի մարզի «Գորիսի Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի», Գեղարքունիքի մարզի «Սևանի ավագ դպրոցի» հիմնանորոգման աշխատանքները: