«Իմ քայլը» խմբակցության հրավերով երեկ ԱԺ էր եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացնելով հանդիպման արդյունքները գրել է, որ մոտ հինգ ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկել են պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերը:

«Ուզում եմ տեղեկացնել, թե ինչ փոփոխությունների որոշումներ են կայացվել պարգևավճարների հարցում:

1. Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: (Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն): Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար:

2. 2019թ.-ի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով:

3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ:

4. Առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն մենք կնախաձեռնենք փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը»,- նշել է Լենա Նազարյանը։