Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Պարբերաբար ներկայացնելու ենք միջնորդություններ, քրեադատավարական օրենքի շրջանակներում օգտվելու ենք բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնենք պատշաճ կերպով։ Դա ներառում է համապատասխան միջնորդությունները և՛ դատարան, և՛ դատախազություն, ինչպես նաև միջնորդություններ են ներկայացվել քրեակատարողական վարչություն, Մարդու իրավունքների պաշտպանին»,- ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Նա հավելել է, որ օրակարգում է նաև գանգատով ՄԻԵԴ դիմելու հարցը և նախորդ վերաքննիչի որոշումից հետո բողոք է ներկայացված Վճռաբեկ դատարան:

Պաշտպանական կողմը կալանավորման որոշումը շարունակում է համարել անօրինական։ Փաստաբանը նշում է՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ավելի վատ է, քան նախկինում էր։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ Araratnews.am-ի, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին շտապ տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։