ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ութ տարվա դիվանագիտական «պատերազմի» ու «դատավարական» չափազանց լարված լսումների և բանակցությունների արդյունքում, այսօր հաղթական ավարտին հասցրեցինք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպու, 1991թ.) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի համար մի կարևորագույն հարց։ Առանց մանրամասներ ներկայացնելու ասեմ, որ 2011թ-ին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել Հայաստանի դեմ, որը բոլոր կետերով հերքվել էր Արտաքին գործերի, Բնապահպանության և Էներգետիկայի նախարարությունների պատվիրակության կողմից՝ ութ տարիների ընթացքում կայացած մի քանի տասնյակ լսումների ընթացքում։ Այսօր պաշտոնապես ընդունվեց որոշումը, որով մեր ներկայացրած փաստերի հիման վրա հաստատվեց, որ Հայաստանը լիովին կատարում է կոնվենցիայի դրույթները և Ադրբեջանի բողոքն անհիմն էր։ Շնորհակալություն բոլոր գործընկերներիս, որ անգնահատելի օգնություն ցուցաբերեցին այս ութ երկար տարիների արդարացի պայքարի ու լարված աշխատանքի ընթացքում»։