Երևանում նախատեսվում է միջազգային ուրբանիստական համաժողով կազմակերպել:

Երևանում գտնվող Moscow Urban Forum ներկայացուցիչներն ուսումնասիրել են Երևանի հիմնախնդիրները, զարգացման ծրագրերն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով համանման համաժողով կազմակերպել Երևանում: Մասնագետները կարծում են, որ կարճ ժամանակահատվածում Երևանը կարող է դառնալ արագ զարգացող ժամանակակից քաղաք:

Քաղաքային իշխանության ներկայացուցիչները հավանություն են տվել քաղաքաշինական համաժողով անցկացնելու գաղափարին և նախաձեռնությունն իրականացնու նպատակով պայմանավորվեցին շարունակել շփումները մոսկովյան կողմի հետ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

2012թ-ից ի վեր անցկացվող Moscow Urban Forum-ը յուրաքանչյուր տարի տարբեր մասնագետներ է ներգրավում աշխարհի տարբեր երկրներից՝ նպատակ ունենալով ձևավորվել գլոբալ քաղաքային օրակարգ, ներկայացնել միջազգային վերջին քաղաքաշինական միտումները, որոնք նպաստում են քաղաքային կայուն զարգացմանը, ինչպես նաև հարթակ է հանդիսանում խոշոր քաղաքների ղեկավարների, փորձագետների, ներդրողների և հասարակական կազմակերպությունների միջև հանդիպումների ու գաղափարների փոխանակման համար:

«Կարծում ենք՝ այս փուլը Երևանի համար քաղաքական առումով ամենահարմարն է փոփոխությունների իրականացման համար, քանի որ քաղաքային իշխանությունը վայելում է բնակիչների համակրանքն ու վստահությունը: Յուրաքանչյուր բարեփոխում իրականացնելիս նախևառաջ պետք է մտածել, թե ի՞նչ կտա այն քաղաքի տնտեսական զարգացմանը, ինչն էլ իր հերթին քաղաքին կապահովի ուրույն դիրք աշխարհի քաղաքների շարքում: Հիմա աշխարհում երկրների զարգացումն ու մրցունակությունը դիտվում է պետության խոշոր քաղաքի օրինակով և չափվում կյանքի որակի, տեխնոլոգիաների և զբոսաշրջության զարգացմամբ: Փոփոխությունների նման ռազմավարություն որդեգրելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն, ինչպես երևում է, Երևանն այսօր ունի», - Երևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Moscow Urban Forum-ի ծրագրերի տնօրեն Վասիլի Աուզանը:

Նա հավելել է, որ համաշխարհային չափորոշիչներով մի քանի խմբերի բաժանվող առաջադեմ քաղաքների շարքում Երևանը, վստահաբար, կարող է հայտնվել այնպիսի քաղաքների խմբում, ինչպիսիք են Սինգապուրը, Թել-Ավիվը, Լյուքսեմբուրգը կամ Տալլինը:

Երևանը, որն աշխարհի հայության միավորող օղակն է, ունի հարուստ ժառանգություն, որը կարելի է համադրել նորարարությունների և սթարթափ նախագծերի հետ ու ստանալ հետաքրքիր արդյունք: