Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ շտապօգնության կանչերը տարբերակելու և դրանց ավելի նպատակային արձագանքելու համար․ ձեռնարկված քայլերի շնորհիվ արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում, հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

«Մեր առաջնային օղակի բժիշկներին տրվել է հստակ հանձնարարական, որ կապը պոլիկլինիկա և քրոնիկ հիվանդի միջև ուժեղացվի: Եթե 10-15 օր առաջ ունեինք օրական 860-900 կանչ, ապա վերջին շրջանում 700-740 կանչ ենք սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Ընկերության հիմնական նպատակն անհետաձգելի կանչերին արագ արձագանքելն է, սակայն հաճախակի են դեպքերը, երբ կանչերն ամենևին էլ շտապ օգնության համար չեն: Երբեմն, ծառայության արագ արձագանքումը փոքր-ինչ ուշանում է նաև նման կանչերի պատճառով:

Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու գործում շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ վերաբերմունքն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20,000 դրամի չափով:

«Վարորդները ոչ թե զիջելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ հակառակը՝ չզիջելու»,- ընդգծել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:

«Մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել և՛ աշխատանքային պայմանները, և; ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ են սկսվել առողջապահության նախարարի հետ, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Մոտավորապես 540 աշխատակցի մասին է խոսքը»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: