ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար աջակցությանը մասնակցելու համար: Այդ մասին նա ասել է Մոսկվայում կայացած հանդիպմանը:

«Կցանկանայի երախտագիտություն հայտնել Սիրիային հումանիտար աջակցության համար: Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի ժողովրդին օգնելու մեր կոչին»,- ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ դա հատկապես կարևոր է սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց զուրկ են խաղաղ կյանքից և արդեն 5-6 տարի է դպրոց չեն գնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դա զգալի ավանդ կլինի Սիրիայում բնականոն կյանքի հաստատման գործում»,- ասել է ռուս նախարարը: Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Սիրիային հումանիտար աջակցության կազմակերպման համար:

Տոնոյանն ասել է, որ ՌԴ գործունեությունը Սիրիայում նպաստում է երկրի հետպատերազմյան վերականգնմանը:

«Ես կարծում եմ, որ ձեր մասնակցությունը հումանիտար գործողությանը շատ կարևոր է: Կարևոր է աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մի մասն է նաև հայ համայնքը»,- ասել է Տոնոյանը: