Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» III միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին: Այդ մասին հայտնել են փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայացած կինոդիտման կազմակերպիչները:

«Վյաչիսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» երրորդ միջազգային փառատոնում «Աշխարհի մի մասնիկը» և «Սպիտակ» ֆիլմերը ճանաչվել են լավագույնը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ալեքսանդր Կոտտի ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաև «լավագույն ռեժիսոր» և «լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում: «Սպիտակ» ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:

«Սպիտակ» ֆիլմը պատմում է 1988թ-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որը խլեց 25 հազար մարդու կյանք և անօթևան թողեց ավելի քան կես միլիոն մարդու: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդր Պոլիտիկը և այլք: