Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30%-ը կկրճատվի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ մարզպետարանների «օպտիմալացման գործընթացը» նախաձեռնել է դեռևս հոկտեմբեր ամսից:

«Մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրահանգման, որ մարզպետարանների աշխատակիցների մոտ 30%-ը կկրճատվի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ նրա՝ այդ աշխատանքներում ներգրավել են խորհրդատվական ընկերություն, որի ֆինանսավորումն իրականացնում է Շվեցարիայի զարգացման գործակալությունը:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ արդեն իսկ սխեման կա. մի քանի դետալների շտկումից, նաև՝ կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո, հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ սկզբունքով են կրճատումներն արվելու, որպեսզի լավ աշխատակիցները դրսում չհայտնվեն՝ նախարարն ասել է, որ մրցույթ են անցկացնելու և արդյունքում կմնան լավ աշխատողները:

«Այս օպտիմալացումները մեկ նպատակ են հետապնդում՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավում»,- ասել է նա: