ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքապետերի հետ հանդիպմանն ասել է, որ կառավարությունը 2019թ-ին 10 մլրդ դրամ է հատկացնելու համայնքային ծրագրերի իրականացմանը:

Նա նշել է, որ իրականացվելու են ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր:

«Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ-տնտեսական առաջընթացն է: Խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում»,- ասել է նա:

Համայնքների առջև ծառացած հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աղբահանությունն է:

«Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից, ժանգոտած կրպակներից ու ավտոմեքենաների թափքերից, և սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»,- նշել նա՝ հավելելով, որ մարտի 23-ին ՀՀ-ում համահայկական շաբաթօրյակ կանցկացվի: