Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ խախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 914 հազար դրամի վնաս։ Նշանակվել է 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Այսպես՝ Արագածոտնում գործող «Հայասի Գրուպ» ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ և «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածները) հաշվարկվել է 143.925 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Հիշեցնենք, որ ընկերությունը պատկանում է ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին։

Երևանում գործող «Սիս նատուրալ» ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը) հաշվարկվել է 770.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։