Մեքսիկայի Քինտանա Ռո նահանգի տարածքում մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են աշխարհի խոշորագույն ստորջրյա քարանձավը, որը ձգվում է 347 կմ տարածքի վրա: Այս մասին հայտնում է Gran Acuífero Maya հետազոտական ծրագրի Maya կայքը:

Այս հայտնաբերումը հնարավոր է դարձել հետազոտողների աշխատանքի շնորհիվ, որոնց հունվարի 10-ին հաջողվել է միացնել երկու խոշոր ջրային քարանձավային համակարգեր` Յուկատան թերակղզու հյուսիսում գտնվող Սակ Աքթուն և Դոս Օհոսը։

«10 ամիս տևած լարված աշխատանքից հետո թիմը կարողացել է իրար կապել աշխարհի երկու խոշոր ստորջրյա քարանձավները»,-նշված է կայքում։

Համաձայն տեղեկությունների՝ նախկինում ռեկորդը պատկանում էր Տուլումից հարավ գտնվող Օքս Բել Հա քարանձավին, որի երկարությունը կազմում է 270 կիլոմետր։

Քարանձավագիտության կանոնների համաձայն՝ քարանձավային համակարգերը միացնելուց հետո ավելի խոշորը կուլ է տալիս փոքրին, որի արդյունքում վերջինի անվանումը անհետանում է։ Նախորդ շաբաթ միավորված քարանձավներից խոշորը Սակ Աքթուն է, ուստի Դոս Օհոսը դադարում է գոյություն ունենալ։