ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստին ցուցմունք է տվել տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը՝ հայտնի «Կենտրոնի Կյաժ» մականունով, հայտնում է Factor.am-ը:

Նա դատարանին հայտնել է, որ նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել Հայկ Սարգսյանի հետ, այնուհետև ներկայացրել է պատմությունը, որը տեղի է ունեցել 12 տարի առաջ:

«2007թ-ի ապրիլի 1-ին ես գտնվում էի Հայկ Սարգսյանի տան նկուղային հարկում՝ ախրանայի սենյակում։ Այնտեղ էինք ես, Հայկը և Արթուրը: Հայկը քնած էր, էդ ժամանակ Արթուրի հետ վեճ առաջացավ, Հայկը զարթնելով ասեց՝ խելոք մնա, կկրակեմ և կրակեց ինձ վրա։ Նարեկ Սարգսյանը լսելով կրակոցի ձայնը, իջավ, տարան Պռոշյանի վրա գտնվող հիվանդանոց, հանեցին աջ երիկամս, լյարդս։ Ինձ ասեցին՝ կասես, որ կրակել է Արթուր Ղևոնդյանը, հանկարծակի կրակել է ինձ վրա», - պատմել է Սիմոնյանը:

Նա նաև հայտնել է, որ Հայկ Սարգսյանի մոտ էր գնացել ընտրությունների համար, քանի որ ինքն այդ տարածքում «ընտրություններ էր ապահովում»։ Տուժողը նաև նշել է, որ թիկնապահների սենյակում մնացել է մեկ ժամ, վիճաբանել է Արթուրի հետ՝ թմրանյութի հետ կապված։

«Մոտ մի ժամ գտնվել եմ թիկնազորի սենյակում, Հայկը քնած էր, ես Արթուրի հետ չեմ հիշում՝ ինչով էի զբաղված։ Վիճաբանել ենք Արթուրի հետ, չկարողացանք իրար մեջ կիսել թմրանյութը։ Ցանկանում էի, որ ինձ էլ տար, Հայկը նստած քնած էր, ձեռքին առարկա չկար։ Զարթնեց և ասաց՝ խելոք մնա, կկրակեմ ու կրակեց։ Կրակելուց հետո իմ գիտակցությունը տեղում էր, իմ հիշելով օգնեցին, տարան հիվանդանոց։ Չասաց՝ ինչով էր պայմանավորված կրակոցը։ Դրանից երեք-չորս օր անգիտակից եմ եղել, ինձ այցելել է Հայկ Սարգսյանը։ Կոնկրետ կարևոր բան չեմ հիշում, որ ասել է Հայկ Սարգսյանը։ Հարցաքննվել եմ, ասել եմ, որ կրակել է Արթուր Ղևոնդյանը, որովհետև սպառնացել էր Հայկ Սարգսյանը։ Իմ հիշելով մենակ Հայկն էր, ասաց՝ չես ապրի, եթե չասես, որ Արթուր Ղևոնդյանն է կրակողը։ Նարեկ Սարգսյանը, որ իջավ, իմացել էր, որ Հայկ Սարգսյանն է կրակել։ Հայկ Սարգսյանը խոստացել էր ուղարկել երիկամի փոխպատվաստման, բայց չուղարկեց», - պատմել է տուժողը: