Երկու տարեկան Էրիկ Հախնազարյանը կարիք ունի դիետիկ հատուկ սննդի, որի արժեքը ամսական 80 հազար դրամ է կազմում: Նրա հոր` Գևորգ Հախնազարյանի խոսքերով` 2-ամյա Էրիկը երկու շաբաթ է` անհրաժեշտ կերը չունի, որ ուտի: Էրիկի մոտ ախտորոշվել է ցելիակիա (անբավարար փարթամություն, անեմիա): Այս մասին գրում է armlur.am-ը։

Փոքրիկի առողջական վիճակը գնալով վատանում է: Նշենք, որ Գևորգ Հախնազարյանն ապրում է ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում:

Գևորգը պատմել է, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի է մեկնում, բայց երեխայի առողջական վիճակի վատացման պատճառով հետ է եկել:

Հախնազարյանի ընտանիքն այլևս գումար չունի Էրիկի համար անհրաժեշտ կերը և դեղերը գնելու համար:

«Ես կերի համար դիմել եմ բազմաթիվ տեղեր և ստացել մերժում»,- պատմել է Գևորգը:

Նրա դիմումին ի պատասխան` Առողջապահության նախարարությունից արձագանքել են հետևյալը.

«ԱՆ-ն մանկական կերերի կենտրոնացված կարգով գնում չի իրականացնում, չի ստանում նաև որպես մարդասիրական օգնություն, ուստի այն ձեր երեխային տրամադրել չի կարող»:

Ապա հորդորել է դիմել պոլիկլինիկա, քանի որ դեղերի դուրսգրումն իրականացվում է` «ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան»:

Արարատի քաղաքապետարանը ևս չի օգնել դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքին` պատճառաբանելով, որ գումար չկա: Փոխարենը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն և իր ենթականերին խոշոր գումարով պարգևատրում է: Թե որ արժանիքի համար, անհայտ է:

Իսկ, ահա, նախագահի աշխատակազմից արձագանքել են` նշելով.

«Ըմբռնումով ենք մոտենում Ձեր խնդրին, բայց 2019թ-ի բյուջեով այդ նպատակի համար միջոցներ չկան»: Ապա դիմումը հասցեագրվել է Առողջապահության նախարարություն:

«Դիմել եմ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, բայց իր աշխատակիցներն ասել են ինձ, որ չեն կարող օգնել, քանի որ նպաստ եմ ստանում: Ասացին` մենք չենք կարող ձեզ օգնել, քանի որ հենց դա ձեզ օգնություն է: Բայց նպաստը կազմում է 25 հազար դրամ: Մեր տանը աշխատող ուժ չկա, մենք ապրում ենք սոցիալական ծանր պայմաններում»,- ցավով նկատել է Գևորգը:

Բացի այս, Հախնազարյանների տունը գրավադրված է «Արդշինբանկում»` 2 մլն դրամի դիմաց:

«Հայրս առողջական խնդիրներ ուներ. սրտի շտապ վիրահատություն պետք է արվեր, այս պատճառով մենք տունը գրավադրեցինք, հիմա բանկը դիմել է դատարան. երեք ամիս չենք վճարել»,- պատմել է Գևորգը:

Հուսանք` ինքն իրեն պարգևատրած Գարիկ Սարգսյանն այս պատմությունից հետո քայլեր կձեռնարկի:

Երկու ամյա Էրիկի հայրը՝ Գևորգը տրամադրել է նաև բանկի հաշվեհամարը, որին՝ օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել։