Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահը կայցելի նաև Գերմանիայի հնագույն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ներկաների հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանն այցի ընթացքում կհանդիպի նաև գիտական և գործարար շրջանակների հետ, կայցելի Եվրոպական հարավային աստղադիտարան (European Southern Observatory), որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: