Էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգում նոր գործիք է ավելացվել, որը հնարավորություն է ընձեռում պետպատվերի շրջանակում պացիենտների ուղեգրումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով։

Առաջնային օղակի բուժհաստատությունները կամ ամբուլատորիաներն այսուհետ պետպատվերով սպասարկվող պացիենտների ուղեգրումը կարող են իրականացնել՝ պարզապես համապատասխան փաստաթուղթը լրացնելով էլեկտրոնային համակարգում։

Իսկ այն բուժհաստատությունները, որոնք ուղեգրին համապատասխան ծառայություններ են մատուցում, պացիենտի կողմից իրենց դիմելու դեպքում համակարգի միջոցով հնարավորություն կունենան տեսնել ուղեգիրը, գրանցել պացիենտի այցը հենց տվյալ պահին (ոչ թե ավելի ուշ), ընդունել կամ մերժել ուղեգրումը։ Սա հնարավորություն է ընձեռելու ֆինանսավորող մարմնին ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել։

«Սա Արմեդ համակարգի նոր գործիքներից մեկն է։ Բնականաբար, էլեկտրոնային ուղեգիրն ավելի հուսալի է․ պացիենտն այն չի կորցնում, այն միշտ առկա է համակարգում։ Իսկ ուղեգրում նշված ծառայությունները մատուցող բժշկական հաստատությունը կարող է այց գրանցելիս համակարգի միջոցով տեսնել ուղեգիրը, ընդունել կամ մերժել ուղեգրումը՝ ելնելով պետպատվերով տվյալ պահին առկա սահմանաչափերից։ Այսպիսով, ոլորտում օգտագործվող ևս մեկ թղթաբանություն էլեկտրոնային տեսք է ստանում»,- ասել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։

Նա նշել է, որ առժամանակ ուղեգրերի հայտնի «վարդագույն թերթիկները» ևս կմնան գործածության մեջ, հետո աստիճանաբար դուրս կգան, հայտնում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ մամուլի ծառայությունը: