Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ լավ ապրելու համար պետք է աշխատել, ոչ թե որևէ բանի սպասել:

«Լավ ապրելու միակ ճանապարհն աշխատելն է: Խոսքը, իհարկե, վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց: Պասիվ, կրավորական կեցվածքով որևէ բանի հասնել հնարավոր չէ»,- ասել է Ջանջուղազյանը, հայտնում է Yerkir.am-ը:

Նա համաձայն չէ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների այն դիտարկմանը, թե թվերի բացակայության պատճառով կառավարության ներկայացրած ծրագիրն անչափելի է:

«Որ կարող է այդպիսի տեսակետ գոյություն ունենալ, իհարկե, համաձայն եմ, բայց, որ դա հսկողություն իրականացնելու միակ ճանապարհն է, բնավ համաձայն չեմ: Բացի կառավարության ծրագրից, կառավարությունը նաև այլ փաստաթղթեր է ներկայացնում Ազգային ժողովին: Ներկայացնում է յուրաքանչյուր տարվա համար բյուջեի նախագիծ, և շատ էական կլինի ԱԺ պատգամավորների ներգրավվածությունն ու մասնակցությունն այդ գործընթացներին, որովհետև դրանից է կախված, թե որքանով հետո կկարողանանք դատողություն անել այս կամ այն ծրագրի արդյունավետության վերաբերյալ»,- ասել է նախարարը: