ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին Սիրիա ուղարկած հումանիտար առաքելության մասին, ասել է, որ այնտեղ ռազմական գործողություններին ներգրավվելու ծրագրեր չկան:

Պատգամավորը մեջբերել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ըստ որի` եթե անհրաժեշտություն լինի, ՀՀ-ն կմասնակցի նաև ռազմական գործողությունների Սիրիայում:

«Ի՞նչ հնարավոր անհրաժեշտությունների առաջացման դեպքում կարող է մենք Սիրիայում ներգրավվենք ռազմական գործողություններին, ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել, արդյո՞ք մենք մեր ներկայությամբ չենք թիրախավորել հենց հայ համայնքը Սիրիայում և Հայաստանը և ե՞րբ ենք նախատեսում դուրս գալ այնտեղից»,- հարցրել է Արման Բաբաջանյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է , որ Սիրիա ՀՀ-ն ուղարկել է հումանիտար առաքելություն:

«Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, ապա պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, և ինչ հարցի համատեքստում է նա հայտարարություններ արել, մենք նման պլաններ չունենք», - ասել է վարչապետը: