«Կասպերսկու լաբորատորիան» Android սարքերի համար վնասաբեր ծրագրային ապահովում է հայտնաբերել, որը կարող է նաև հաղորդագրություններ գողանալ WhatsApp մեսենջերից, նշված է ընկերության հետազոտության մեջ:

Ընկերության տվյալներով՝ Skygofree վիրուսը տարածվում է բջջային կապի խոշոր օպերատորների կեղծ կայքերով, որոնցում օգտատերերին առաջարկվում է տեղադրել «ինտերնետին միանալու արագացուցիչ»:

Փորձագետները հայտնում են, որ վնասաբեր ԾԱ-ն կարող է զրույցների ձայնագրում կատարել, գողանալ sms-ներն ու WhatsApp-ից հաղորդագրությունները, GPS տվյալները և օրացուցային իրադարձությունները, ինչպես նաև ձայնը գրանցել, երբ վարակված սարքը որոշակի վայրում է: Դրանից զատ, վիրուսը թույլ է տալիս սարքը Wi-Fi-ին միացնել, որը նույնպես չարամիտներն են վերահսկում:

«Skygofree-ը ամենահզոր լրտեսական գործիքներից մեկն է, որոնք մենք երբևէ այս պլատֆորմի համար տեսել ենք»,- նշել են վերլուծաբանները:

Հետազոտության համաձայն՝ Skygofree-ի ակտիվ տարածում է տեղի ունեցել 2015 թվականին: «Կասպերսկու լաբորատորիայի» տեղեկություններով՝ վերջին անգամ այս վիրուսի տարածման համար դոմենը գրանցվել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին: Ըստ որում՝ վարակումը տարածվել է միայն Իտալիայի բնակիչների վրա, նշել են ընկերությունից: Փորձագետները համոզված են, որ վիրուսը մշակողները նույնպես Իտալիայում են գտնվում: